ՀԱԿ-ը, համեմատած այլ կուսակցությունների հետ, լուրջ քաղաքական ուժ է և գիտի` երբ հայտարարել նախագահի իր թեկնածուի մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է և շարունակում է մնալ ՀԱԿ անվիճելի առաջնորդը: Նա ունի լրջագույն հեղինակություն, այդ գնահատականները տարածվում են նաև Կոնգրեսից դուրս: Եթե հարց դրվի` ով կարող է նախագահական ընտրություններում հաղթել բռնապետության թեկնածուին, ապա կասեմ. նա, ով կարող է իր շուրջը համախմբել առավել մեծ թվով կազմակերպությունների ու մարդկանց: Լևոն Տեր-Պետրոսյանից բացի՝ ոչ ոք նման հնարավորություն չունի»,- ասաց նա:
Անդրադառնալով կառավարության գործունեությանն ու նրա ներկայացնելիք ծրագրին`Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ՀԱԿ-ը չի կարող կողմ քվեարկել դրան: «Ժողովրդի աջակցությունը չստացած կառավարությունը չի կարող արդյունավետ աշխատել: Գործելու է մի կառավարություն, որ մսխելու է բյուջետային միջոցները` իր գոյությունը պահպանելու համար:
Այո, մենք դեմ ենք քվեարկելու կառավարության ծրագրին: Թող գան բովանդակային ծրագրով, բայց վստահ եմ, որ կառավարությունը չի կարող լավ ծրագիր բերել: Միաժամանակ ՀԱԿ-ում այս առումով առողջ այլակարծություն կա: Վկայությունը ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի հայտարարությունն է, որ լավ ծրագրի ներկայացման դեպքում ինքը կարող է կողմ քվեարկել դրան: ՀԱԿ-ում բոլորը վառ անհատականություններ են և կարող են առարկության հանդիպող տեսակետ ունենալ»,- ասաց նա` միաժամանակ դժվարանալով պատասխանել հարցին` ինչպե՞ս կքվեարկի կառավարության ներկայացնելիք ծրագրին ԲՀԿ-ն:
Լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իշխանական պատգամավորները զբաղեցրել են ԱԺ VIP աշխատասենյակները, իսկ ՀԱԿ-ին բաժին են հասել ոչ այնքան լավ համարներ, Զուրաբյանը պատասխանեց. «Իրենց երջանկության աղբյուրը դա է, իսկ մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք` ազատություն, արդարություն, սեր ու հոգևոր արժեքներ»:
ՀԱԿ համակարգողը նշեց նաև, որ խմբակցությունը ճիշտ պահ պետք է ընտրի` բարձրացնելու իմպիչմենտի գործընթացը, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: «Ես կուզեի և կարծում եմ, որ դա հնարավոր է` մեր այդ նախաձեռնությանն այլ խմբակցություններ էլ միանան: Հնարավոր է` միանան նաև ՀՀԿ պատգամավորներ»,- ասաց նա:








































