Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ձևացնում են, որ պատերազմը հնարավոր է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց մշակութաբան Վարդան Ջալոյանն` անդրադառնալով սահմանային միջադեպերի հետևանքով հասարակության շրջանում ձևավորված կամավորական հավաքների և այլ ակցիաների շուրջ խոսակցություններին:
Վարդան Ջալոյանն ասաց, որ վաղուց է նկատվել, որ ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմերի իշխանություններն օգտագործում են որոշակի քաղաքական միջոցառումների համար: «Այն ֆոնի տակ, որ և՛ Ռուսաստանի, և՛ հեղինակավոր անձանց, և՛ ԱՄՆ-ի հայտարարությունները, որ դա երբեք թույլ չեն տա, խիստ տարօրինակ է թվում այն, որ երկու երկրների իշխանությունները վերսկսման վտանգ են տեսնում: Եթե արդեն գերտերությունները երաշխիքներ տվել են, ես սա ավելի շուտ քաղաքականություն կհամարեի, քան թե իրականություն»,- մեկնաբանեց մշակութաբանը` շարունակելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը զրկել իր ամենակարևոր ուժից` առողջ դատողությունից, իրականությունը ճիշտ գնահատելուց, որպեսզի մարդը դառնա գաղափարախոսության զոհ:
Ըստ Վարդան Ջալոյանի` դա արվում է՝ սկսած նույնասեռականների դեմ պայքարից, վերջացրած այս միջոցառումներով: «Թվում է, թե երաշխավորված է, որ չեն վերսկսի պատերազմ, բայց, այնուամենայնիվ, իշխանությունները ձևացնում են, որ դա հնարավոր է: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան քաղաքական կարիերա անել՝ վեր կենալով և իրենց հայրենասիրությունը ցուցադրելով, և ամեն տիպի կամպանիաներն օգտագործում են, որպեսզի երևան թատերաբեմի վրա: Կան մարդիկ, ովքեր այնքան անտաղանդ են, որ բացի հայրենասիրական կոչերից, այս երկրի համար ոչինչ անել չեն կարող»,- իր կարծիքը հայտնեց Վարդան Ջալոյանը:
Հիշեցնենք, որ արդեն իսկ տարբեր հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների կողմից պատերազմ գնալու պատրաստակամություն են հայտնում, դիմում ՊՆ-ին հայ-ադրբեջանական սահմանին համապատասխան հրահանգներ կատարելու վերաբերյալ:









































