News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել Iranian TV-ի բաքվյան ու Fars News գործակալության թղթակից Անար Բայրամլըին՝ թմրանյութեր պահելու համար՝ նրան դատապարտելով երկու տարվա ազատազրկման:
Դատապարտյալի եղբայր Էլդարի խոսքերով՝ քրեական գործը «թխված է եղել», իսկ դատարանը կողմնակալ է եղել: Դատարանը մասնավորապես ուշադրություն չի դարձրել վկաների, այդ թվում՝ նաև ոստիկանների իրարամերժ ցուցմունքների վրա:
Բայրամլըն իր հերթին մերժել է բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ իրեն հալածում են լրագրողական գործունեության համար: Նա հայտարարել է, որ բողոքարկելու է այդ վճիռը: Նրա եղբայրը հայտարարել է, որ մեղադրանքը հնարովի է, քանի որ Բայրամլըն հավատացյալ է և ձերբակալվել է իր բնակարանում նամազ կատարելիս, և որ ոստիկանությունն ինքն է թմրանյութը հասցրել նրա մոտ:
Բայրամլըն ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 17-ին: Ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել էր 0.38 գրամ հերոին:







































