Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է Agence France-Presse գործակալությունը, Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերն առաջին անգամ ելույթ կունենա «Գրեմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Միք Ջագերի ելույթը նվիրված է լինելու աստղերի հիշատակին, որոնք մահացել են անցած տարի, մասնավորապես` բլյուզմեն Սալոմոն Բերկին: Միք Ջագերին կնվագակցի Ռաֆայել Սաադիկի խումբը:
«Մենք հուզված ենք, հիացած, ցնցված և անհամբեր սպասում ենք նրա ելույթին «Գրեմիի» բեմին»,- հայտնել է մրցանակաբաշխության կազմակերպիչ և Ամերիկյան ձայնագրման ասոցիացիայի (The National Academy of Recording Arts & Sciences) նախագահ Նիլ Պորտնաուն, հայտնում է Billboard-ը:
«Գրեմիի» հանձնման 53-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 13-ին Լոս Անջելեսում: Արդեն հայտնի է, որ արարողության ընթացքում ելույթ կունենան Arcade Fire խումբը, Էմինեմը, երգչուհի Ջանել Մոնեն, Muse խումբը, երգչուհի Քեթի Փերին և ռեպեր Աշերը, որը զուգերգով հանդես կգա Ջասթին Բիբերի հետ:









































