ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանում ավարտին է մոտենում նոր տիեզերակայանի կառուցումը, որը կրում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, այաթոլլահ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի անունը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Նրա խոսքով՝ նոր տիեզերակայանի կառուցման աշխատանքներն իրականացվել են 80 տոկոսով. «Պլանավորված է ամենամոտ ժամանակներս այստեղից արձակել իրանական արտադրության արբանյակներ, ինչպես նաև իրականացնել իսլամական երկրների տիեզերական ապարատների կոմերցիոն թռիչքներ: Նոր տիեզերակայանից առաջինն ուղեծիր կուղարկվի իրանական «Տոլու» արբանյակը»:
Վահիդին, սակայն, չի մանրամասնել, թե որտեղ է գտնվում նոր տիեզերակայանը: Մինչ այժմ Իրանը արբանյակներ է արձակել Սեմնան նահանգի տիեզերակայանից:
Հիշեցնենք, որ Իրանը հուլիսին կապիկ է ուղարկելու տիեզերք: Դա դիտարկվում է որպես նախապատրաստական փուլ 2020 թվականին դեպի տիեզերք մարդ ուղարկելու համար: