Նախորդ շաբաթ` հունվարի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) արտարժույթի շուկայից 5.9 մլն դոլար է գնել` առանց դոլարի վաճառքի որևէ գործարք իրականացնելու: Սա երևում է ԿԲ-ի այսօրվա հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին շաբաթում և հունվարի առաջին երկու շաբաթների ընթացքում ԿԲ-ն իրականացրել էր միայն արտարժույթի վաճառքի գործարքներ` իր պահուստներից վաճառելով մոտ 48 մլն դոլար:
Այն, որ նախորդ շաբաթ ԿԲ-ն դոլար է գնել, ցույց է տալիս, որ դրամի արժևորման ուղղությամբ ճնշումները գերակշռել են դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումներին (ի տարբերություն նախորդող շաբաթների):
Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում դոլարի կուրսը մոտ 368 դրամից իջավ մինչև մոտ 362 դրամի: