Արիզոնայի իշխանությունները համոզիչ են համարել այն, որ Բարաք Օբաման ծնվել է Հավայան կղզիներում, ու հիմա նրա անունը կներառվի 2012թ. նոյեմբերի նախագահական ընտրությունների տեղական հարցաթերթիկներում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Հարցը համարում եմ փակված»,- մայիսի 23-ին հայտարարել է Արիզոնա նահանգի քարտուղար, հանրապետական Քեն Բենեթը, որի խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը: Նահանգի քարտուղարի պարտականությունների մեջ է մտնում նաև ընտրությունների կազմակերպումը:
Տեղեկությունն այն մասին, որ Հավայան կղզիների իշխանությունները Արիզոնային ներկայացրել են համապատասխան ապացույցներ, AP-ն ստացել է մայիսի 22-ի երեկոյան:
Բենեթի խոսքով` նա համապատասխան հարցում է ուղարկել այն բանից հետո, երբ ստացել է ընտրողներից ավելի քան 1200 էլեկտրոնային նամակ, որոնք պահանջել են ճշտել Օբամայի ծննդյան տվյալները:
Նա ընդգծել է, որ ընտրողները սկսել էին պահանջել Օբամայի ծննդյան վայրի հաստատումն այն բանից հետո, երբ արիզոնյան Մարիկոպ շրջանի շերիֆ Ջո Արպայոն մարտի 1-ին կասկածի տակ էր դրել ԱՄՆ նախագահի ծննդյան վկայականի իսկությունը: Բենեթը հայտարարել էր, որ եթե ապացույցներ չտրամադրվեն, ապա Օբամայի անունը կհանվի նախագահական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անվանացանկից: