Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի սկզբին Ադրբեջան են այցելելու թուրքական բանակի բարձրաստիճան պատվիրակությունները:
Դրանք գլխավորելու են ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն և ժանդարմերիայի հրամանատար Բեքիր Քալյոնջուն: Նշվում է, որ այդ այցերն իրականացվում են Ադրբեջանի պաշտպանության ու ներքին գործերի նախարարների հրավերի հիման վրա:
Մասնավորապես, Քըվրըքօղլուի ադրբեջանական այցը տեղի է ունենալու հունիսի 5-8-ը, իսկ Քալյոնջուինը՝ հունիսի 10-13-ը: Նրանք այդ այցերի շրջանակներում մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև համագործակցության հեռանկարները:
Նշվում է, որ դա լինելու է իրենց զբաղեցրած պաշտոններում Քըվրըքօղլուի ու Քալյոնջուի առաջին ադրբեջանական այցը: