Казахстанская Правда-ի փոխանցմամբ՝ BNews.kz-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է Կենտրոնական Ասիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությանը.
«Վերջին շրջանում Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցրել միջազգային արենայում: Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների անկախացումից հետո մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ առաջադրանքներից մեկը հանդիսացել և ցայժմ հանդիսանում է նրանց հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունների զարգացումը:
1992 թվականից Թուրքիան սկսեց նախաձեռնել թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովներ: Իր քաղաքական փորձի, մարդկային ու տնտեսական պաշարների շնորհիվ թյուրքական աշխարհը կարող է մեծ ներդրում ունենալ եվրասիական տիրույթի համագործակցության մեջ: Մենք պետք է 21-րդ դարում լիովին օգտվենք այդ հնարավորությունից: Կենտրոնական Ասիան ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական առանցքը:
Թուրքիան Ղազախստանի Հանրապետության անկախությունը ճանաչած առաջին երկիրն է: Ղազախստանը Կենտրոնա-Ասիական տարածաշրջանի ամենակարևոր առևտրա-տնտեսական գործընկերն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 3 միլիարդ դոլարի: Պլանավորված է մոտ ապագայում այդ ցուցանիշը հասցնել 10 միլիարդ դոլարի»: