Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող 5-րդ տնտեսական ֆորումի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման թուրքական մոդելը կարող է օրինակ հանդիսանալ շատ երկրների համար.
«Թուրքիայի փորձն ու միջնաժամկետ ծրագրերը շատ կարևոր դեր են խաղացել ճգնաժամի հետևանքների հաղթահարման հարցում: Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր պայմանները, որոնց շրջանակներում նա պայքարում է ճգնաժամի դեմ և հստակեցնում է տնտեսական աճ գրանցելու իր ռազմավարությունը: Սակայն մեր վարած ֆինանսական ու սոցիալական քաղաքականությունը կարող է օրինակ հանդիսանալ շատ երկրների համար:
Այն երկրները, որոնցում ճգնաժամն ունեցել է ամենալուրջ հետևանքներ, պետք է արագացնեն իրենց ֆինանսական ու տնտեսական համակարգերի բարեփոխումների գործընթացը: Վերջին 10 տարիներին Թուրքիայի տնտեսությունն անցել է լուրջ բարեփոխումների միջով: Մեր բանկային ու հարկային համակարգերում գրանցվել է լուրջ առաջընթաց՝ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին:
Վերջին երկու տարիներին, երբ ամենաշատն էր զգացվում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, Թուրքիան իր մոտ ստեղծել է 3.5 միլիոն նոր աշխատատեղ: 2002 թվականին Թուրքիայի արտահանումը կազմում էր 36 միլիարդ դոլար, ինչը 2008 թվականին հասցվեց մինչև 138 միլիարդ դոլարի: Այդ արդյունքը ճգնաժամի պատճառով պահպանվեց նաև 2010 թվականին:
Այսօր Թուրքիայի տնտեսական աճը շատ բարձր է, 2010 թվականին այն կազմել է 8.5 տոկոս, ինչը հանդիսանում է Տնտեսական համագործակցության ու զարգացման երկրների թվում ամենաբարձր ցուցանիշը: Այսօր Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամին պարտք է 1.9 միլիարդ դոլար՝ նախկինի 22 միլիարդ դոլարի փոխարեն: Թուրքիայի տնտեսության մեջ օտար ներդրումների ծավալը կազմում է 16 միլիարդ դոլար: Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծել նոր ներդրումների ներգրավման համար»: