Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է գործարարների ու արդյունաբերողների մեծ պատվիրակության հետ Իրան այցելած Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազին:
Հանդիպման ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ չնայած ընդհանուր թշնամիների գործադրած ջանքերին՝ Իրանն ու Թուրքիան ցուցաբերում են հեռատեսություն և զարգացնելու են փոխադարձ համագործակցությունը: Ըստ Ահմադինեժադի՝ երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու խորացումը օգուտ կբերեն թե՛ Իրանին, թե՛ Թուրքիային, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներին:
Թուրք նախարարն իր հերթին հայտարարել է, որ Իրանում հաջող բանակցություններ է վարել և համաձայնագրեր է կնքել տեղի գործարար շրջանակների հետ:
Հիշեցնենք, որ Իրանն ու Թուրքիան պլանավորել են առաջիկա երեք տարիներին երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի: Ներկայումս այդ ցուցանիշը կազմում է 17 միլիարդ դոլար: