Ադրբեջանը, ներգրավված լինելով հակաիրանական գործընթացների մեջ և սպասարկելով Իրանի դեմ Արևմուտքի շահերը, բնական է, որ այդ երկրի կողմից որոշակի վերաբերմունքի պետք է արժանանա, այն է՝ Իրանը պետք է զգացնել տա, որ Ադրբեջանի հակաիրանական ցանկացած գործողություն առաջին հերթին կաշխատի հենց իր՝ Ադրբեջանի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը՝ անդրադառնալով իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններին:
«Կանխատեսել, թե ուր կհասնեն երկու երկրների միջև ներկայիս լարված հարաբերությունները՝ անշնորհակալ գործ կլինի: Ակնհայտ է միայն, որ այստեղ շահերի բախում կա: Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սա լարվածության առաջին դեպքը չէ: Այնպես որ, անտրամաբանական կամ անսպասելի իրավիճակ չի ստեղծվել, այն բոլոր նախորդ լարվածությունների տրամաբանական շարունակությունն է: Ադրբեջանում հակաիսլամական գործողությունների ֆոնին այս ամենը նորմալ է»,- ասաց իրանագետը:
Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանում հակակառավարական ցույցերը ցրվում են, մարդիկ են ձերբակալվում, մինչդեռ ոստիկանության կողմից խրախուսվում են հակաիրանական ցույցերը: «Իսկ Իրանը միամիտ չէ և հասկանում է, թե ինչու է Ադրբեջանն այս ամենը կազմակերպում»,- ասաց իրանագետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մեմեդբաղիր Բահրամին Թեհրան էր վերադարձել երեկ երեկոյան` քաղաքական կոնսուլտացիաների նպատակով:
Ինչպես «Թուրան» լրատվական գործակալությանը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանությունից, բարձրաստիճան դիվանագետի հետկանչի պատճառը «Ադրբեջանի տարածքում կրոնական սրբությունների պղծումն» է եղել: