Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյան այսօր ասել է, որ երկիրը դեռևս չի ծրագրում Իրանից նավթի ներկրումները դադարեցնել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է որոշում կայացնեն` Հարավային Կորեան կարո՞ղ է արդյոք ազատվել Իրանի դեմ ներկայացված պատժամիջոցներից, թե՞ ոչ:
Պաշտոնյան, ով նախընտրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ Հարավային Կորեան չի պատրաստվում դադարեցնել ներկրումները` անկախ ԱՄՆ և ԵՄ որոշումից:
Պաշտոնատար անձը նաև ասել է, որ չափազանց բարդ կլինի Իրանից ներկրումները դադարեցնելու դեպքում այլընտրանք գտնել, քանի որ Իրանից ներկրումները կազմում են երկրի նավթի ընդհանուր ներկրումների 10 տոկոսը:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ` պաշտոնատար անձն ասել է, որ Հարավային Կորեան կանի հնարավորը` բացառություն համարվելու և ներկրումները շարունակելու համար, անգամ հուլիսի 1-ից հետո, երբ Եվրամիությունը արգելի Իրանից նավթ ներկրել: