Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Վերջերս իշխանությունը ձեռնարկեց գործողությունների մի շարք, որոնց թիրախը շատ կարեւոր մի սոցիալական շերտ է՝ մանր ձեռնարկատերերը։ Առեւտրային անհատական փոքր բիզնեսով զբաղվող, արտասահմանից ապրանքներ ներկրողների համար կրկնակի բարձրացվեց փոխադրավարձ-մաքսավճարը՝ դրանով իսկ տնտեսապես անիմաստ դարձնելով գործունեության այդ ոլորտը։ Երեւանի փողոցներում արգելվեց բացօթյա առեւտուրը՝ առանց նախազգուշացման, առանց համարժեք առաջարկի կամ փոխհատուցման՝ աշխատանքից ու կենսապայմաններից զրկելով հազարավոր մարդկանց։ Նույն կերպ, առանց այլ զբաղվածություն ապահովելու, փողոց շպրտվեցին սոցիալական կենսաթոշակներ բաժանող մի քանի հարյուր տեսուչներ։ Ընդ որում՝ այս երեք քայլերն էլ կատարվել են մարդու սահմանադրական իրավունքների, գործող օրենքների կոպիտ խախտումներով։
Ինչպես այս վարչախմբի վարած ընդհանուր քաղաքականությունը, այնպես էլ որոշակի այս քայլերը հստակ տեղավորվում են ցանկացած բռնապետական, առավել եւս՝ դրա վատթարագույն տարատեսակ հանդիսացող ավազակապետական ռեժիմի ինքնապահպանման տրամաբանության մեջ։
Դրանով՝
1. Հազարավոր մանր գործարարներ զրկվում են եկամուտից, շատերը՝ նվազագույն կենսապայմաններից.
2. Նրանց բիզնեսն անցնում է մոնոպոլիստներին՝ խորացնելով հասարակության բեւեռացումը.
3. Դրան հետեւելու է գների անխուսափելի նոր աճ, քանի որ եւս մեկ ոլորտում վերանալու է ազատ մրցակցությունը.
4. Աշխատանքից զրկվածների կեսն անխուսափելիորեն հեռանալու է Հայաստանից։
Այն, ինչ սպառնում է հազարավոր այս ընտանիքներին, միայն սոցիալական առանձին խմբերի խնդիր չէ։ Այն լուրջ քաղաքական խնդիր է, եւ վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Ավելին՝ այն անմիջականորեն վերաբերում է ՀՀ ազգային անվտանգությանը՝ մասնավորապես կործանարար արտագաղթին նպաստելու տեսանկյունից։ Վարչախմբի ոտնձգությունների թիրախ դարձած սոցիալական խմբերի բողոքն ու պայքարը մինչեւ այժմ ապարդյուն է անցել միայնումիայն մեկ պատճառով՝ այն չի ընկալվել ու դիտվել որպես քաղաքական խնդիր։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, նկատի ունենալով այս ամենը, իր քաղաքական օրակարգում առաջնահերթ խնդիրներից մեկն է դարձնելու այդ հարցերը։ Մենք պատրաստ ենք բազմաբնույթ օգնություն ցուցաբերել վարչախմբի անօրինականություններից տուժածներին, պայքարել նրանց իրավունքների վերականգնման համար։ Մեր աշխատանքն արդյունավետ կլինի, եթե տվյալ սոցիալական խմբերը եւս իրենց հարցերը դիտեն ոչ թե սոսկ սոցիալական, այլ որպես քաղաքական խնդիրներ, ինչպես որ դրանք իրականում կան, հասնեն նվազագույն անհրաժեշտ ինքնակազմակերպման, չբավարարվեն խաբեական կիսատ-պռատ լուծումներով։ Մենք կոչ ենք անում բոլորին՝ չսպասել վարչախմբի ապօրինության թիրախ դառնալու իրանց հերթին, այլ, կանխելու համար իրենց սպառնացող նույն ճակատագիրը, մասնակից դառնալ անմիջական հարվածի տակ հայտնվածների պայքարին», ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։









































