Այսօր` վաղ առավոտյան, Մոսկվայի Նիկիտսկայա բուլվարում ձերբակալվել է ընդդիմության 14 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»: Վերջիններս Նիկիտսկայա բուլվար էին եկել Կուդրինսկայա հրապարակից, որտեղ այս գիշեր ոստիկանները քանդել էին ընդդիմության ճամբարն ու ձերբակալություններ կատարել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ ժամանակ ձերբակալվել էր մոտ 30 մարդ:
Նիկիտսկայա բուլվարում ձերբակալություններից հետո մյուս ընդդիմադիրները տեղափոխվել էին Հին Արբատ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այսօր` մայիսի 19-ին, ժամը ժ. 8.30-ին, Բուլատ Օկուջավայի արձանի մոտ էր հավաքվել շուրջ 20 ակտիվիստ: Գործակալության թղթակցի հաղորդմամբ` այդ պահին տարածքում ոստիկաններ չեն եղել:
Ընդդիմության առաջին ճամբարը Մոսկվայում հայտնվեց մայիսի 8-ին` «Միլիոնների երթ» ակցիայի մասնակիցներին կոպտորեն վռնդելուց ու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից մեկ օր անց: