Թբիլիսյան «Ալիա» թերթն այսօր նոր լուսանկարներ է հրապարակել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի միլանյան գնումների շուրջ: Հիշեցնենք, որ սրանից առաջ թերթը գրել էր, թե Սաակաշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի (որին զոհ գնաց 5 մարդ, այդ թվում՝ երկու երեխա) օրը մեկնել էր Սլովենիա ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար, իսկ հաջորդ օրը՝ Միլան գնումներ կատարելու համար, ինչը սկանդալի տեղիք էր տվել:
Թերթի հրապարակած նոր լուսանկարներում երևում է, որ Սաակաշվիլին այցելել է Officine panerai թանկարժեք ժամացույցների խանութ, ուր, թերթի տվյալներով, ժամացույցների գինը սկսում է նվազագույնը 2000 դոլարից: Թերթը պնդում է, որ Սաակաշվիլիի մամլո քարտուղարը ստում է, երբ ասում է, թե Սաակաշվիլին ԱՄՆ մեկնելիս մի քանի ժամ է անցկացրել Միլանում: Թերթը խոստացել է հրապարակել Սաակաշվիլիի միլանյան նոր լուսանկարներ:











































