Երեկ Դոնեցկի «Շախտյոր»-ն իր առաջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի Ալիկանտե քաղաքում ընթացող Copa del Sol միջազգային ընկերական մրցաշարում: 1/8 եզրափակիչում «հանքափորներ»-ը մեծ դժվարությամբ հաղթահարեցին չեխական «Վիկտորիա»-ի արգելքը: Հանդիպան 50-րդ րոպեին հաշիվը բացեց «Վիկտորիա»-ի հարձակվող Կոլարժը: 81-րդ րոպեին Միրչա Լուչեսկուի սաները Դուգլաս Կոստայի ջանքերով կարողացան հավասարեցնել այն, իսկ խաղավարտից մեկ րոպե առաջ նույն Դուգլաս Կոստայի դիպուկ հարվածը հաղթանակ բերեց «Շախտյոր»-ին:
Հենրիկ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը և խաղաց իր համար անսովոր` հենակետային կիսապաշտպանի դիրքում, խաղից հետո տված հարցազրույցում տպավորություններով կիսվել է ակումբի պաշտոնական կայքի հետ: «Շատ ծանր հանդիպում էր: Մեզ շատ ուժեղ հակառակորդ էր բաժին ընկել: Նրանք շատ հավաքված էին խաղում, անգամ առջևում էին հաշվի մեջ, բայց հաղթելու մեր ցանկությունն ավելի մեծ էր»: Խաղային անսովոր դիրքի հետ կապված հարցին Մխիթարյանը պատասխանել է. «Եթե մարզիչը գտնում է, որ ես պետք է այդ դիրքում խաղամ, ապա ես պարտավոր եմ կատարել նրա պահանջը, որովհետև դա բխում է թիմի շահերից: Մարզիչը որոշել էր, որ ես հենակետայինի դիրքում պետք է խաղամ, ես միանշանակ համաձայն էի նրա հետ: Մինչև 50-րդ րոպեն ես խաղացի հենց այդ դիրքում, բայց գնդակ ընդունելուց հետո ստիպված սկսեցի ավելի շատ միանալ թիմի հարձակմանը»: