The Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին վաղուց մտածված ֆիլմի ռեժիսորը (Սաշա Բարոն Կոենը` գլխավոր դերակատար) ամենայն հավանականությամբ կդառնա Սթիվեն Ֆրիրզը: Այս մասին այսօր հայտնում է Variety հրատարակությունը:
Ընդ որում` GK Films ստուդիայում հրատարակության աղբյուրներն ընդգծում են, որ պաշտոնական բանակցություններն արդեն սկսվել են, ու պրոդյուսեր Գրեմ Քինգն արդեն ունի մի քանի թեկնածու:
Ֆիլմը նկարահանելու գաղափարը հեղինակները հղացել էին դեռ 2009թ.: Դրա համար գնվել էին The Queen խմբի բոլոր հիթերի իրավունքները, ներառյալ Bohemian Rhapsody, We Will Rock You, We Are the Champions երգերը:
Թե ով կկատարի երգերը, առայժմ հայտնի չէ, սակայն խմբի մյուս անդամները` Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորն ու Ջոն Դիքոնը համաձայնել են աջակցել նախագծին:
Ապագա ֆիլմում (որի ո՛չ անվանումն է հայտնի, ո՛չ նկարահանման ժամկետը) ներկայացվող գործողությունները 1970-1980-ականների մասին են:
Ենթադրվում է, որ առանցքային դրվագներից մեկը պետք է դառնա խմբի Live Aid ելույթը 1985թ. բարեգործական համերգում:
Սթիվեն Ֆրիրզը «Վտանգավոր խաղեր», «Թագուհիներ» ֆիլմերի հեղինակն է: