Քյոլնի ոստիկանությունը ձերբակալել է շուրջ տասնյակ սալաֆիների, որոնք մայիսի 8-ին փորձել են խոչընդոտել Pro NRW ազգայնական կուսակցությանը անցկացնել հակաիսլամական ակցիա: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` որոշ սալաֆիներ իրենց հետ ցուցադրաբար բերել են իրեր, որոնք կարող էին կասկած առաջացնել իրավապահների մոտ:
Ազգայնականների ակցիային հավաքվել են 10-ից ոչ ավելի մարդ: Նրանց դեմ բողոքելու էր գնացել շուրջ 100 արմատական մուսուլման, ինչպես նաև Քյոլնի 300 բնակիչ, որոնք ցանկացել էին խաղաղ ցույց անցկացնել:
Այն մզկիթի շրջակա տարածքը, որտեղ pro NRW-ն մտադիր էր ցուցադրել Մուհամմեդի ծաղրանկարները, շրջապատված է եղել:
Ակցիայի անցկացմանը հետևել է շուրջ 1000 ոստիկան: Տեղի իշխանությունները ցանկանում էին խուսափել ընդհարումներից, որոնք մայիսի 5-ին տեղի էին ունեցել Բոննում Pro NRW-ի հերթական ակցիայի ժամանակ:
Այն բանից հետո, երբ ազգայնականները ցուցադրել են ծաղրանկարները, սալաֆիները անկարգություններ են հրահրել:
Ավելի շատ տուժել են ոստիկանները, որոնք բաժանում էին արմատական մուսուլմաններին ազգայնականներից: Այդ ժամանակ տուժել էր 29 իրավապահ, ընդ որում՝ 2-ը ստացել էին դանակային լուրջ վնասվածքներ:









































