Ձերբակալված բլոգեր Ալեքսեյ Նավալնիին կարող է սպառնալ 15-օրյա ադմինիստրատիվ կալանք: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Twitter-ի իր միկրոբլոգում գրել է անձամբ ձերբակալված ընդդիմադիր գործիչը «Ստրոգինո» ներքին գործերի բաժնից, որտեղ ներկայում գտնվում է: «Այնտեղ ձևակերպում են 19.3 հոդվածը` աշխատակցին չենթարկվելը: Վերջին երեք օրերին իմ բոլոր ձերբակալություններից սա առավել քիչ է նման չենթարկվելուն»,- գրել է նա:
Իր հերթին, փաստաբան Նիկոլայ Պոլոզովը հաստատել է այդ տեղեկությունը: «Նավալնիին ուզում են կպցնել 19.3-ը, ամենայն հավանականությամբ, նրան չեզոքացնելու համար: Մյուսների համար ասում են` շուտով կազատեն»,- գրում է նա:
Ավելի վաղ բլոգերը հայտնել էր, որ իր հետ մեքենայում է եղել 23 մարդ: Ակցիայի մասնակիցների տվյալներով` ձերբակալության պահին եղել է շուրջ 100 մարդ:
Հիշեցնենք, որ ՕՄՕՆ-ի աշխատակիցները դարձյալ ձերբակալել են բլոգեր Ալեքսեյ Նավալնիին այս անգամ Մոսկվայի Նովինսկի բուլվարում: Սա գիշերվա ընթացքում հայտնի բլոգերի արդեն երկրորդ ձերբակալությունն է: Ավելի վաղ նա ձերբակալվել էր Մոսկվայի կենտրոնում` Նիկիտյան զբոսայգում չարտոնված ակցիայի մասնակցելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում ու մի շարք այլ քաղաքներում չեն դադարում հասարակական բողոքի ցույցերը, որոնք ՌԴ նորընտիր նախագահի ընտրությունը համարում են ոչ լեգիտիմ մեծ թվով կեղծիքների պատճառով:











































