Կյանքի 83-րդ տարում մահացել է ամերիկացի մանկագիր Մորիս Սենդակը: Մահը վրա է հասել Կոննեկտիկուտի հիվանդանոցներից մեկում: Անցած շաբաթ նա ուղեղի կաթված էր տարել:
Սենդակի առավել հայտնի գործը 1963-ին հրատարակված «Այնտեղ, որտեղ հրեշն է ապրում» գիրքն է, որը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Ռեժիսոր Սպայք Ջոնսի կողմից այն էկրանավորվել է դեռևս 2009-ին:
Մորիս Սենդակը ծնվել է 1928 թվականի հունիսի 10-ին Լեհաստանից գաղթած հրեական ընտանիքում: 12 տարեկանում, դիտելով Ուոլտ Դիսնեյի «Fantasia» մուլտֆիլմը, որոշում է նկարազարդող դառնալ: 1951 թվականին առաջին պատվերը ստացավ նկարազարդելու Մարսել Էմեի «Մուռլիկ կատվի հեքիաթները»: Նրա գեղարվեստական աշխատանքները, այդ թվում՝ Հոֆմանի «Մարդուկ-ջարդուկի» պատկերազարդումները, արժանացել են Անդերսենի անվան մրցանակի: Իր աշխատանքները Սենդակն արել է ձեռքով՝ չճանաչելով համակարգչային տեխնոլոգիաները: Կյանքի վերջին տարիներին արդեն նա իրեն « վերջին դինոզավրերից» էր զգում: 1957 թվականին նա սկսեց իր սեփական գրքերը գրել:
2003 թվականին Սենդակն առաջինն էր, որ արժանացավ Սատրիդ Լինդգրենի գրական մրցանակին:







































