8 տարբեր աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվել է: Հասկանալի չէ, թե ինչ կապ ուներ այս դատավարությունը խորհրդարանական ընտրությունների հետ, սակայն հենց ընտրություններին հաջորդած օրը նշանակված լինելու պատճառով այն երեկ չի կայացել և հետաձգվել է մինչև մայիսի 18-ը:
Ամբաստանյալ Հասմիկ Առաքելյանի պաշտպան Կարեն Քամալյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դատարանը դեռ չի ավարտել տուժողների հարցաքննման փուլը, այնպես որ քանի դեռ նիստերը վերաբերում են տուժողների անձնական կյանքին, դատական նիստերը ևս 2 անգամ կանցկացվեն դռնփակ: Այս պահի դրությամբ դատարանը պետք է հարցաքննի 2 տուժողների, որից հետո դատարանն արդեն կանցնի դատական վիճաբանությունների փուլին:
Հիշեցնենք, որ հանցախմբի, ըստ երևույթին, ղեկավար համարվողին` բանգլադեշցի Աղունիկ Այվազյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ինչպես նաև սեռական շահագործման ենթարկելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ և վերջինիս միջոցով՝ նաև Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տևական ժամանակ դնելով և պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:









































