Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում տենդագին պատրաստվում են Քեմալական շարժման (որին թուրքական կողմն անվանում է «Ազատագրական պատերազմ») սկսման 93-ամյակին:
Մայիսի 19-ին Սևծովյան Սամսուն քաղաքի Թութուն նավահանգստում բացվելու է 1919 մետր երկարություն ունեցող վիթխարի դրոշ: Դա պայմանավորված է նրանով, որ 1919 թվականի մայիսի 19-ին Սամսուն է ժամանել Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադիր Մուսթաֆա Քեմալը, որն էլ Սամսունից սկսել է ծավալել իր գործունեությունը, որը հայտնի է Քեմալական շարժում անվամբ:
Հիշեցնենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Աթաթուրքը՝ որպես 9-րդ բանակի տեսուչ, ժամանում է Սամսուն, իսկ հունիսի 22-ին Ամասիայում հայտարարում է, որ երկրի անկախությունը գտնվում է սպառնալիքի տակ: Արդեն հուլիսի 8-ին Քեմալը լքում է օսմանյան բանակի շարքերը, ինչի համար սուլթանական կառավարությունն արձակում է նրա ձերբակալման հրամանը, իսկ ավելի ուշ նրան դատապարտում է մահվան, ինչը, սակայն, ի կատար չի ածվում:









































