«Առաջին լրատվական»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ «Դոդի Էդոն» Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի դաժան ծեծի է ենթարկել՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության պետ ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ին այս առթիվ տեղեկացրեց, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները պարզել են տաքսի վարորդի ինքնությունը՝ նրա անունն է Արկադի Գրիգորյան:
Ըստ Աշոտ Ահարոնյանի, Ա. Գրիգորյանը հրավիրվել է ոստիկանութուն և նրանից ընդունվել է հաղորդում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ: Նրան տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում:
Ներկայում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Ա.Գրիգորյանին ծեծի ենթարկողների անձը պարզելու և դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց պարզել, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Ա. Գրիգորյանին ծեծի է ենթարկել նախ Վերին Պտղնի գյուղում, ապա այլ մեքենայով վերջինիս տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ և նրան պատկանող գազալցակայան ու կրկին ծեծի ենթարկել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չհայտնի կատարվածի մասին:
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Ա. Գրիգորյանը King deluxe տաքսի ծառայության վարորդ է:









































