«Քվեարկեցի հանուն նոր Հայաստանի»,- 10/07 ընտրատեղամասում քվեարկելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:
Քոքոբելյանը նշեց, որ քվեարկելիս միայն մի բան էր մտածում, որ ՀՀ այս ընտրություններն անցնեն Սահմանադրության բոլոր չափանիշներին համապատասխան:
Հարցին ի պատասխան՝ «Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը», Քոքոբելյանը նշեց, որ մինչ այս պահը էական և ցցուն խախտումներ շտաբներից չեն տեղեկացրել. «Հուսով եմ, որ այն ընթացքը, որը կա այս պահին, և մենք տեսնում ենք, որ ընտրատեղամասերում ամեն ինչ հանգիստ է, այսպես էլ կշարունակվի, և որևէ ցնցման կամ շահարկումների ականատես չենք լինի»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» թիմը տեր կանգնելու իր ձայներին, ինչին ի պատասխան Քոքոբելյանը նկատեց, թե այնպես, ինչպես մյուս քաղաքական ուժերը. «Բոլոր տեղերում ունենք մեր վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, և վերահսկողության այդ մեխանիզմը թույլ կտա արգելափակել կեղծիքները»:











































