Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքի 5-րդ ընտրատեղամասում կնիքների վերաբերյալ խառնաշփոթ էր ստեղծվել: «Առաջին լրատվական»-ին ստեղծված իրավիճակը ներկայացրեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Գայանե Մարգարյանը: Նա նշեց, որ մինչև ժամը 9-ը քվեաթերթիկներով ծրարները կնքվել են անհատական կնիքներով՝ ընտրական հանձնաժողովի հատուկ կնիքների փոխարեն:
«Մենք կկազմենք արձանագրություն և կշարունակենք մեր աշխատանքը հատուկ կնիքներով»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ եղել էր ևս մեկ խախտում, որը էական չի լինի:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում, Գայանե Մարգարյանը պատասխանեց՝ մի դասընթացի ժամանակ մեկ բան են ասում, իսկ մյուսի ժամանակ՝ մեկ այլ:
Թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի վստահված անձը տեղեկացրեց, որ շատ ուշադիր են և արձանագրելու են խախտումները:
Կնիքների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ին իր մտահոգությունը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Եղիազարյան Վահեն: Նա հույս հայտնեց, որ տեղամասում արձանագրված խնդիրը շուտ կհարթվի:









































