Hollinger International-ի նախկին ղեկավար և համասեփականատեր Կոնրադ Բլեքը մայիսի 4-ին ազատ է արձակվել դաշնային բանտից, որտեղ գտնվում էր խարդախության և արդարադատությանը խոչընդոտելու համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Բլեքը, կանխատեսելով տպագիր մեդիայի մայրամուտը` կապված համացանցի տարածման հետ, իր թերթերը վաճառեց դեռևս 1999 թվականին: Սակայն հոլդինգի բաժնետերերը շուտով պարզեցին, որ ակտիվների վաճառքից ստացված միջոցների զգալի մասը գնացել է ոչ թե ընկերությանն, այլ ղեկավարությանը և մասնավորապես Բլեքին բոնուսներ հատկացնելուն:
2003 թվականին նա հեռացվեց Hollinger International-ի ղեկավարի պաշտոնից, իսկ 2004 թվականին ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրեցին խարդախության և ընկերության միջոցները յուրացնելու մեջ:
Հետաքննության արդյունքում պարզվեց, որ մեդիամագնատը խոչընդոտել է հետաքննությանը, ինչի համար նրան համապատասխան մեղադրանք առաջադրվեց: 2007 թ. Բլեքին 78 ամսով ազատազրկման դատապարտեցին, այնուհետև այդ ժամկետը կրճատեցին՝ դարձնելով 29 ամիս:
Երբ Hollinger International-ն իր ծաղկման գագաթնակետին էր, համարվում էր աշխարհի երրորդ մեդիահոլդինգը, որի ակտիվների մեջ էին The Daily Telegraph, Jerusalem Post, Chicago Sun-Times թերթերը, Spectator պարբերականը և տասնյակ այլ ոչ այնքան հայտնի հրատարակություններ:











































