Նախընտրական քարոզարշավն առանձնացավ ներկոալիցիոն մրցակցությամբ՝ ի դեմս ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ հավելելով, որ մրցակցությանը մասամբ մասնակից եղավ նաև արտախորհրդարանական ընդդիմությունը:
«ՀԱԿ-ը, միաժամանակ, փոքր-ինչ թուլացրել է իր դիրքերը, և կոալիցիոն ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները կարող են որոշ չափով վնասել նրան: Այսինքն՝ այն ձայները, որ պետք է տրվեին նրան, այժմ կարող են գնալ ԲՀԿ-ին»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ամենահետաքրքիրն այն հարցն է, թե ինչպե՞ս է նախընտրական քարոզարշավն ազդել դեռևս չկողմնորոշված հատվածի վրա:
«Հետաքրքրական է իմանալ՝ կարողացե՞լ են քաղաքական ուժերը դեպի իրենց ձգել մինչ այժմ չկողմնորոշված զանգվածին: Ինչ վերաբերում է ընտրարշավի ընթացքում ի հայտ եկած նորարարություններին, ապա դրանցից ամենաուշագրավն առցանց PR-ի առկայությունն էր»,- նշեց նա:
Ալեքսանդր Մարկարովը նկատեց նաև, որ ընտրարշավի մյուս կարևոր առանձնահատկությունը կուսակցությունների առաջնորդների ընդգծված հռետորաբանությունն էր, կարծես խոսքը ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների մասին էր:
«Քարոզարշավի մյուս կարևոր տարրը բոլոր ուժերի պատրաստակամությունն էր՝ անցկացնել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Միաժամանակ, հակաքարոզչությունն այս անգամ ավելի քիչ էր»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ կուսակցությունները, սեփական ծրագրերի ներկայացմանը զուգահեռ, պետք է առավել ակտիվ կոչ անեին անպայման մասնակցել ընտրություններին:
Ամփոփելով՝ Մարկարովը նկատեց, որ էկզիթ-փոլերը հնարավորություն են ընձեռում ընտրությունների ավարտից շատ առաջ ներկայացնել դրանց՝ իրականին շատ մոտ պատկերը:
«Իսկ ընդհանրապես, ամենահավանականն այն է, որ ՀՀԿ-ն դժվար թե մեծամասնություն ստանա այս ԱԺ-ում: Ամենաօպտիմալ սցենարը նրա և ՕԵԿ-ի կոալիցիա կազմելը կլինի: Մյուս սցենարով՝ կարող է ստեղծվել մեծ կոալիցիա, որի մեջ ներգրավված ուժերը, չասեմ՝ քաղաքական առևտրի միջոցով, սակայն խիստ կոնկրետ կներկայացնեն իրենց դրույթները:
Կա նաև ՀՀԿ-ի համար ճգնաժամային մի սցենար, երբ մեծամասնությունը կձևավորվի ԲՀԿ-ի ու քաղաքական այլ ուժերի շուրջը, և ուղղակի դուրս կթողնեն ՀՀԿ-ին: Տեսականորեն հնարավոր է նաև ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիան»,- նշեց քաղաքագետը:











































