Հաշված ժամեր են մնացել Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախընտրական վերջին հանրահավաքին: Ինչպես նախապես ծրագրված էր հանրահավաքին իրենց ելույթներով հանդես կգան երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը և Հարություն Փամբուկչյանը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Լիլիթ Սարուխանյանը:
«Երևի թե նրանք կերգեն այնքան, որքան ժողովուրդը կցանկանա: Նախատեսվում է համերգ, և բոլորին հրավիրում ենք, մենք ավտոբուսներով մարդկանց չենք բերելու Ազատության հրապարակ»,- ասաց Լիլիթ Սարուխանյանը` հավելելով, որ, իհարկե, հանրահավաքի ընթացքում իրենց խոսքով հանդես կգան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորության թեկնածուները:
Հարցին՝ քանի՞ մարդ ներկա կլինի, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ կարծում են` մի քանի հազար հոգի ներկա կլինի հանրահավաքին:
Տեղեկացնենք, որ «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի երգն է «Սարերի քամին», որը կատարում են Ռուբեն Հախվերդյանը և Հարություն Փամբուկչյանը:








































