Երեկ դիտորդական առաքելություն իրականացնելիս բռնության ենթարկված «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արման Վեզիրյանն այսօր դատաբժշկական փորձաքննություն է անցել, որից հետո` տվել բացատրություն Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունքում: Այսօր «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` խոսելով երեկ տեղի ունեցած միջադեպի շուրջ:
Նա տեղեկացրեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 19.30-ի սահմաններում դիմել են թեժ գիծ, սակայն չեն պատասխանել, որից հետո դիմել են օպերատիվ բաժնին, որը և միջադեպի մասին տեղեկացրել է Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունքին: Միքայել Դանիելյանի փոխանցմամբ` Շենգավիթի ոստիկանության բաժանմունքը արձագանքել է միայն 45 րոպե անց:
Հիշեցնենք, որ երեկ 18.30-ի սահմաններում Արման Վեզիրյանը դիտորդական առաքելություն իրականացնելիս է եղել թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների քարոզչական նյութեր բաժանելու ընթացքում: Երբ երիտասարդներից մեկը պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանի բուկլետը դրել է քաղաքացիներից մեկի դռան առջև, մի տղամարդ է դուրս է եկել և վիրավորական արտահայտություններով պահանջել բացատրել, թե ինչու են բուկլետներն այդտեղ դնում: Արման Վեզիրյանը փորձել է մեղմել իրավիճակը, որպեսզի վիճաբանություն չառաջանա երիտասարդի և քաղաքացու միջև, սակայն մի քանի անգամ դեմքին հարվածներ է ստացել:








































