Հյուսիսատլանտյան դաշինքն ապրիլի 25-ին սկսել է Կոսովո ուղարկել լրացուցիչ ուժեր, որպեսզի կանխարգելի Սերբիայի նախագահի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հնարավոր էթնիկ անկարգությունները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Չորեքշաբթի օրը 250 գերմանացի զինծառայողներով ինքնաթիռը վայրէջք է կատարել ռազմական օդանավակայանում: Մոտ օրերին Կոսովո կժամանեն նաև օգնական ուժեր: Զորքերի տեղափոխումը պետք է ավարտվի ապրիլի 30-ին: Լրացուցիչ զինվորների ընդհանուր թիվը 700 է, որում ներառված է 550 գերմանական և 150 ավստրիական զինվոր:
Օգնական ուժեր ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակից խնդրել է Կոսովոյում խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Էրհարդ Դրյուսը։ Նա զեկուցել է, որ լարվածությունն ընտրության նախաշեմին կուժեղանա: Էթնիկ սերբերը պահանջում են իրենց թույլ տալ մասնակցել ընտրություններին, իսկ Կոսովոն այդ տարբերակն անթույլատրելի է համարում:
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը Կոսովոյում են գտնվում 1999 թվականից, երբ սերբական բանակի և ալբանական ապստամբների միջև տեղի էին ունեցել բախումներ: Նրանց մշտական թիվը մոտ 6200 զինվոր է՝ 29 երկրներից: