Ամերիկացի կոնգրեսականներ Էլայջա Քամինգսը և Հենրի Վաքսմանը սկսել են հետաքննել WalMart առևտրի ցանցին առնչվող կասկածները: WalMart-ը կասկածվում է մեքսիկացի պաշտոնյաներին կաշառք տալու մեջ, որպեսզի վերջիններս թույլատրեին Մեքսիկայում կառուցել նոր սուպերմարկետներ: Այս մասին հայտնում է NewsCore-ը՝ հղում անելով կոնգրեսականների հայտարարությանը:
Ըստ տեղեկությունների՝ առևտրային ցանցի Մեքսիկայի մասնաճյուղը այնտեղի պաշտոնյաներին տվել է 24 միլիոն դոլար կաշառք:
Քամինգսն ու Վաքսմանը ծրագրում են այս շաբաթ հանդիպել WalMart-ի ներկայացուցիչների հետ: Կոռուպցիոն սկանդալը հասցրել է բացասաբար ազդել WalMart արժեթղթերի շուկայի վրա:
Նշենք, որ ամերիկյան ընկերություններին պաշտոնապես արգելված է օտարերկրյա պաշտոնյաներին կաշառքներ առաջարկելը: Օրենքն ընդունվել է 1977 թվականին: Ինչպես նշում է The Washington Post-ը, ավելի վաղ WalMart-ը ձգտել է հասնել օրենքում փոփոխություններ կատարելուն: