ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հավանությամբ կյանքի է կոչվել Վերջին զանգին նվիրված տեսահոլովակի նկարահանումը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը փաստեց նախարարը, պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել նկարահանման աշխատանքների համար:
«Ես օգնել եմ տեսահոլովակի նկարահանման հովանավորներ գտնելու հարցում: Սակայն հովանավորները չցանկացան, որ իրենց մասին որևէ գովազդ լինի տեսահոլովակում. ոչ մի կոմերցիա չկա»,- ասաց նախարարը:
Պրն Աշոտյանը չնշեց հովանավորների անունները, սակայն նշեց, որ տեսահոլովակի նկարահանմանը ծախսվել է 2.5 մլն դրամ: Ըստ Արմեն Աշոտյանի՝ երգը չի գալիս փոխարինելու Վերջին զանգի մասին այլ երգերին, այլ գալիս է համալրելու դրանց շարքերը:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակներն են Լևոն և Ժաննա Բլբուլյանները, այն կատարում է Մհերը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
Խոսելով երգի մասին՝ Մհերը նշեց, որ սա իսկական նվեր է դպրոցականներին. «Երգի երաժշտությունը վալսի եղանակ է. ինչո՞ւ ռեպ կամ ռոք չէ, որովհետև Վերջին զանգի զգացումը հին և նոր է, հուշեր է արթնացնում նաև մեծերի շրջանում, այդ պատճառով վալսը ամենալավն է այս դեպքում»:
Պրն Աշոտյանն էլ նշեց, որ իրենց մեղադրել են հնաոճ երաժշտության համար, բայց վալսը արդիական է բոլոր ժամանակներում. «Սա այն երաժշտությունն է, որը հնչելիս կարող ես պարի հրավիրել ուսուցչուհուդ, այն աղջկան, որին սիրում ես, բայց չես ասել այդ մասին»:
Երգը տեղադրված է կրթության և գիտության նախարարության կայքում, որը հնարավոր է հեշտությամբ ներբեռնել: Տեղադրված է նաև առաց բառերի՝ միայն երաժշտությամբ տարբերակը:









































