Ամերիկացի տրանսգենդեր Թոմաս Բիթին, որին լրագրողները կոչել են «հղի տղամարդ», 9 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է կնոջից: Այս մասին Թոմասը պատմել է CBS-ի եթերում:
-Մեր ամուսնությունը մյուս ամուսնություններից ոչնչով չէր տարբերվում: Եղել են բարձունքներ և անկումներ: Այժմ մենք առանձին ենք ապրում,- ասել է նա:
2007 թվականին մորուքավոր հղի Բիթիի լուսանկարները ցնցեցին ողջ աշխարհը: Թոմասը կին էր ծնվել, նրան անվանել են Թրեյսի Լագոնդինո: 2002 թվականին նա սեռափոխության վիրահատության էր ենթարկվել, սակայն պահպանել կանացի վերարտադրողականության օրգանները:
Երբ պարզվեց, որ նրա կինը չի կարող երեխաներ ունենալ, Թոմասը որոշեց դա ինքն անել: Նա դադարեց հորմոններ ընդունել և շուտով հղիացավ՝ շնորհիվ արհեստական բեղմնավորման:
2008-ի հունիսին Բիթին աղջիկ լույս աշխարհ բերեց: Նրան անվանեցին Սյուզան Ջուլիետ: Մեկ տարի անց ծնվեց նրա որդին՝ Օսթին Ալեքսանդրը: Եվս մեկ տարի, և նրանց ընտանիքը համալրեց երկրորդ որդին՝ Ջենսեն Ջեյմսը: