Բահրեյնի իշխանությունները երեկ ձերբակալել են բրիտանական Channel 4 News հեռուստաալիքի նկարահանող խմբին: Երկու բրիտանացիների հետ ձերբակալվել են նաև նրանց ուղեկցող Բահրեյնի երկու քաղաքացիներ, որոնք առանձնացվել են բրիտանացիներից: Հայտնի է, որ բահրեյնցիների նկատմամբ ուժ է կիրառվել: Այս մասին հաղորդում է հեռուստաալիքի կայքը, որը լրագրողներից տեղեկություն էր ստանում Twitter-ում նրանց կողմից կատարվող հրապարակումներից:
Այս պահին հաղորդվում է, որ լրագրողները մերձավորարևելյան այդ երկիր էին ժամանել «Ֆորմուլա -1»-ի մրցումները լուսաբանելու համար, սակայն երկրում ծանր ներքաղաքական զարգացումների պատճառով իրենք չէին կարողացել ստանալ աշխատանքային վիզա: Ձերբակալությունը տեղի էր ունեցել Channel 4 News-ի լրագրողների կողմից բողոքի ակցիան նկարահանելու ժամանակ:
«Ազատություն» ռադիոկայանը քիչ առաջ փոխանցեց, որ լրագրողներին ազատ են արձակել` նրանց հորդորելով լքել երկիրը:








































