Եգիպտոսը Իսրայելի կառավարությանը տեղեկացրել է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի միակողմանի լուծման մասին, գրում է MIGnews-ը:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական ուղերձ է հղել, որում անհանգստություն է հայտնել Եգիպտոսում իրադրության առնչությամբ:
«Այն, ինչ տեղի է ունենում այժմ Իսրայելի հարավային սահմանի շրջանում, անհանգստության առավել լուրջ առիթ է, քան իրանական սպառնալիքը»,- նշել է նա:
Լիբերմանն անգամ առաջարկել է վարչապետին` այնտեղ ուղարկել 3-4 դիվիզիա, որպեսզի հավուր պատշաճի նախապատրաստվեն Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին:
«Եգիպտական խնդիրն այժմ ավելի շատ է անհանգստացնում, քան իրանական միջուկային ծրագիրը»,- ասել է նա փակ նիստերից մեկի ժամանակ:
Քաղաքական գործչի կարծիքով` եգիպտական կողմը կարող է խախտել պայմանագրի պայմանները և Սինա ուղարկել լրացուցիչ զորքեր` առանց Իսրայելից թույլտվություն հարցնելու:
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական բյուրոն իսրայելական զբոսաշրջիկներին կոչ էր արել անհապաղ լքել թերակղզու սահմանները «ճգնաժամային և անմիջական սպառնալիքի» առկայության պատճառով:










































