Հայաստանի գործատուների հանրապետական միությունում կազմակերպված քննարկման ժամանակ այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանը ներկայացրեց, որ 1995թ. ատոմակայանը վերագործարկելուց հետո 4 խոշոր փոփոխություն արվեց, որի արդյունքում այն գնահատվեց միջազգային ստանդարտներին համապատասխան. ԱԷԿ-ի ռեակտորները ВВЭР-440 (ջրա-ջրային էներգետիկ) տիպի են, որոնք հովացվում են ջրով, անցկացվեցին կրկնակի սնուցման կաբելներ, բարձրացվեց սեյսմիկ անվտանգությունը՝ ատոմակայանը մետաղապատված է և 10 բալանոց ցնցման կարող է դիմանալ: Եվ պնդումները, թե ատոմակայանը ճեղքվածքի վրա է գտնվում, հետագայում ուսումնասիրություններով հերքվեցին: Այդ հիմքով, նորը պետք է կառուցել նույն երկրաբանական հարթակի վրա:
Հ. Բագրատյանը նշեց, որ ԱԷԿ-ի թափոնները 1979 թվականից դուրս չեն բերվել, կառուցված է թափոնների գերեզմանոց, այդ հարցը գիտությունը չի լուծել և 30-40 տարին մեկ պետք է նոր գերեզմանոց կառուցել: ԱԷԿ-ի ռեակտորի մետաղը հաշվարկային է, այն ծերանում է և կարող է բարակել ու ճառագայթել: Ընդհանուր առմամբ, հանելով 90-ականների չաշխատած տարիները, ԱԷԿ-ն արդեն 32 տարի աշխատել է:
«Գուցե դեռ մի 15 տարի շահագործենք ու ոչինչ չպատահի, գուցե և պատահի»,- ասաց Հ. Բագրատյանը, հավելելով, որ ցավոք, 1997-98-ին նոր ատոմակայանի շինարարությունը չսկսվեց, մտածում էին, որ մինչև 2010թ. կլինի նորի գործարկումը, մինչդեռ 3-4 մլրդ դոլար հանրային ռեսուրսներ ծախսվեցին Հյուսիսային պողոտայի համար, իսկ ԱԷԿ կառուցումը չսկսվեց. «Մեծագույն սխալ է կատարվել: Վերջին հաշվով, եթե ԱԷԿ-ի խնդրին նայեն իրենց գոյության տեսակետից, ոչ մի կառավարություն ատոմակայան չպետք է կառուցի՝ ինչո՞ւ կառուցենք, ու թողնենք մյուս իշխանությանը: Միակ հիմարը մենք էինք: Երբ կստիպեն այս ԱԷԿ-ը կանգնեցնել, մենք նորը չենք ունենա, և արդյունքում կա՛մ էլեկտրաէներգիան շատ կթանկանա, կա՛մ նորից մութ է լինելու, կա՛մ նորից Սևանը սկսելու ենք դատարկել»:
Ըստ Հ. Բագրատյանի՝ ԱԷԿ-ի շնորհքն այն է, որ թույլ տվեց կայունացնել արդյունաբերությունը: Կարելի է 6 մլրդ կվտ էլեկտրաէներգիա առանց ԱԷԿ-ի էլ ստանալ, բայց դրա մեծ մասը կլինի գարնանը, իսկ փոքրը՝ ձմռանը: Նրա խոսքով, ՀՀ-ն ներկայում ծախսում է 1 դոլարի ռեսուրս, արտադրում՝ 5 դոլարի ՀՆԱ, և այդ ցուցանիշը զիջում է Վրաստանին ու արդեն զիջում է Ադրբեջանին. «Էներգետիկայի զարգացումը համար մեկ խնդիրն է արդյունաբերության զարգացման համար»:
Հ. Բագրատյանի կարծիքով՝ բացի արևից, որը ամենամեծ հեռանկարն ունի ՀՀ-ում, չկա քամու լուրջ պոտենցիալ, իսկ ՀԷԿ-երինը սահմանափակ է: Արևի էներգիան շատ թանկ է, բայց չի կարելի ԱԷԿ չկառուցել, մինչև այդ տեխնոլոգիաները էժանանան:









































