Բրիտանացի Ֆրեդերիկ Ֆլիտի գերեզմանին, որը «Տիտանիկի»՝ դեպի առաջ նայող նավաստիներից էր, հեռադիտակ են դրել: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, հեռադիտակին կցված է եղել գրություն` ստորագրված ինչ-որ Ֆրենսիսի կողմից: Թե ով է գրության հեղինակը, հայտնի չէ:
Ֆլիտին հասցեագրված գրության մեջ նշված է հետևյալը. «Հարգելի՛ Ֆրեդ, ների՛ր, որ հեռադիտակը քեզ եմ բերել 100 տարի անց, ավելի ուշ, քան պետք էր, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Դու ասում էիր, որ եթե հեռադիտակ ունենայիր, ապա Տիտանիկը սառցալեռից փրկելու ավելի շատ շանսեր կունենայիր: Դե՛ պահիր: Սիրով՝ Ֆրենսիս»:
Մեկնաբանելով գրությունը` «Տիտանիկի» պատմության բաժնի ներկայացուցիչ Նայջլ Ռայթը հայտարարել է, որ հեռադիտակի հետ կապված «խաղը» սրբապղծություն է դեպի առաջ նայող նավաստու հիշատակին:
Ֆրեդերիկ Ֆլիտը հերթապահություն էր անում «Տիտանիկի» վրա: Ապրիլի 14-ի երեկոյան, մինչ սառցաբեկորի հետ բախվելը, նա տեսել էր սառույցի կույտ, ինչի մասին հայտնել էր սպա Ջեյմս Փոլ Մուդին` գոռալով. «Այսբերգ՝ ուղիղ մեր առաջ», գրում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ ուղևորափոխադրող խոշորագույն նավը խորտակվեց ուղիղ 100 տարի առաջ ապրիլի 14-ի, լույս 15-ի գիշերը: Ուղևորների մեծ մասը խեղդվել էին, Ֆրեդերիկ Ֆլիտը ողջ էր մնացել ու ավելի ուշ ասում էր, որ եթե հեռադիտակ ունենար, սառցալեռը կկարողանար ավելի շուտ նկատել:










































