Ամեն տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ամբողջ աշխարհում սփռված հայերի կողմից, մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների կողմից կազմակերպվում են դատապարտող միջոցառումներ: Ամեն տարի այս ամենից զերծ չի մնում Թուրքիան և ստամբուլահայերը, որոնք այդ օրը կազմակերպում են հանրահավաքներ և երթեր:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջըն, ամեն տարի տարբեր հասարակական կազմակերպությունների, ստամբուլահայերի կողմից կազմակերպվում են տարբեր միջոցառումներ ապրիլի 24-ին, որոնցով պահանջում են պատմական արդարություն և հավասարություն: Ըստ նրա` այս տարի ոչ այնքան մեծ կլինի ուշադրությունը այդ օրվա ուղղությամբ, քանի որ Թուրքիայի ուշադրության կենտրոնում Սիրիայի հարցն է: Սակայն, նրա փոխանցմամբ, այնուամենայնիվ մի քանի միջոցառումներ լինելու են:
«Թուրքիայի մի քանի քաղաքներում Մարդու իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպությունները մասնավոր միջոցառումներ կկազմակերպեն` ի հիշատակ Մեծ Եղեռնի: Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս թուրքական Stop discrimination միության կողմից կկազմակերպվի մեծ հանրահավաք Թաքսիմ հրապարակում, երեկոյան ժամը 19.00-ին, որին ամենայն հավանականությամբ կմասնակցեն մեծ թվով ստամբուլահայեր՝ ավելի, քան նախորդ տարի»,- մանրամասնեց Արիս Նալջըն:
Պայմանականորեն Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից կազմակերպված Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Ցեղասպանության հետևանքով միլիոնից ավել ժողովուրդ կորցրած հայի համար այսօր` ցեղասպանությունից 97 տարի անց այս հարցը մնում է ամենացավալի պատմական իրադարձությունը:









































