Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Կարնեգիի հիմնադրամի վաշինգտոնյան կենտրոնում տեղի են ունեցել հայ-թուրքական արձանագրությունների տապալմանը նվիրված դեբատներ:
Զեկուցող, Կոլումբիայի համալսարանի ծրագրերի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տապալվեց տեղի քաղական գործիչների ոչ կոմպետենտության պատճառով: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո իրականացված ոչ բավականաչափ քարոզչությունը կաթվածահար արեց դրանց վավերացումը:
Երկու երկրների առաջնորդները, ելույթ ունենալով միջազգային հանրության ու տեղի հասարակության առջև, խառնաշփոթություն առաջացրին գործընթացում: Դա մասնավորապես վերաբերում է Հայաստանի ԱԳՆ-ին, որը չօգտվեց հասարակական դիվանագիտությունից: ԱՄՆ-ն իր հերթին չկարողացավ Անկարայում ու Երևանում ունեցած իր դեսպանատների միջոցով կոորդինացնել աշխատանքն ու առաջ մղել գործընթացը:
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հռետորիկան նույնպես մեծ վտանգ ստեղծեց հայ-թուրքական հաշտեցման համար: Ֆիլիպսի խոսքերով՝ նախագահ Ալիևը բաց կերպ սպառնաց իր դաշնակից Թուրքիային՝ գործի գցելով «գազային խաղաքարտը»: Միևնույն ժամանակ Արևմուտքում չափազանցված էին հայ-թուրքական հաշտեցումից բխող հնարավոր հետևանքների թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ սպասումները:
Իր բացասական դերը խաղաց նաև ժողովրդավարության ու ազատության ցածր մակարդակը: Մեկ այլ զեկուցող, ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Մայքլ Լեմոնը հայտարարեց, որ օրինակ Ադրբեջանում առկա է անազատ քաղաքացիական հասարակություն, և իշխանություններն իրենք են որոշում, թե մարդիկ ինչպես պետք է մտածեն:
Կոնֆերանսի մասնակիցներն Անկարային ու Երևանին կոչ են արել համագործակցել ու վավերացնել արձանագրությունները:









































