Ընտրացուցակների ճշտման այս փուլում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձորի անձնագրային բաժանմունքում ասեղ գցելու տեղ չկա: Մինչև վերջերս անվանափոխված փողոցների ու ամրացված շենքերի պատճառով հասցեափոխությունները հանգեցրել են նրան, որ վանաձորցիների մի մասը կամ ըստ անձնագրային գրանցման` մնացել է օդում կախված, կամ այլ ընտրատեղամասում հավելյալ ցուցակով ընտրող: Հատկապես բարդ է սեփական բնակարանների թաղամասերում. «Քանի որ կան նրբանցք և փակուղի, հաճախ նույն հասցեն է ընկալվում, պատահում է, որ սխալ գրանցման արդյունքում բնակիչը հայտնվում է հարևանի տանը»:
Քաղաքի Շիրակի և Երևանյան խճուղիները շատ երկար են` դրանք ուղղահայաց փողոցներով են բաժանվում: Շիրակի խճուղին բաժանող Բաղրամյան փողոցը մի շենքի բնակիչներին թողել է 30/29 տեղամասում, հարևանությամբ գտնվող մյուս շենքի բնակիչները իրենց սահմանադրական իրավունքը իրականացնելու համար պետք է հասնեն կողքի թաղամաս` 30/30 ընտրատեղամաս, ինչն էլ բնակիչների վրդովմունքի պատճառն էր դարձել:
Վերջին դիմումը` ցուցակների անճշտությունների հետ կապված, 30/30 ընտրատեղամասից է եղել, որտեղ 5 մահացածի անուն-ազգանուն կա: Քաղաքացիների փոխարեն ընտրացուցակները ճշտում են քաղաքական կուսակցություններն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների շտաբների աշխատակիցները: ՀՀ մահացած քաղաքացիների ցուցակը անձնագրային բաժինը անմիջապես ստանում է ՔԱԴԿ-ից. «Իհարկե, պատահում է, որ մահացածը մահվան վկայական չի ունենում, դա ճշտվում է թաղամասային տեսուչների կողմից»,- ասում է Վաչե Միսկարյանը:
Վանաձորի անձնագրային բաժանմունքի հիմնական խնդիրն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում մահացած քաղաքացիների և զինծառայողներ թվի ճշտումն է:









































