Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին` ուղեկցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի:
Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Վեհափառ Հայրապետը կարևորեց ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման և դրանից բխող զանազան վտանգների կանգարխելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար:
Վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքն է հայտնել գործակալությանը բոլոր այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ի նպաստ Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման:









































