Ճապոնիայում գրանցվել է արտաքին առևտրի ռեկորդային բացասական սալդո, որը 2011թ.-ին կազմել է 4,41 տրլն իեն կամ 54,2 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցին:
Ֆինանսական տարվա հաշվետվության մեջ նշվում է, որ արտահանումը ճապոնիայից նախորդ տարի կրճատվել է 14,7%-ով, իսկ մեքենաների արտահանումը` 5,4%-ով: Նույն ժամանակահատվածում հում նավթի ներկրումն աճել է 21,9%-ով, իսկ հեղուկ գազինը` 52,2%-ով: Մի քանի տասնամյակ շարունակ Ճապոնիայի արտահանումը գերազանցում էր ներկրումը:
Վերջին 30 տարվա մեջ նման անկումը պայմանավորված է 2011թ.-ի երկրաշարժի հետևանքներով, երբ ճապոնական կառավարությունը ստիպված էր դադարեցնել ատոմակայանների աշխատանքը, իսկ երկրաշարժի հետևանքով ճապոնական խոշոր արտադրողների հզորությունները զգալիորեն վնասվել էին:








































