Անգլիայում շաբաթներ առաջ անհետացած Հորացիոս անունով կատուն կարողացել է ինքնուրույն տուն վերադառնալ, չնայած երկու թաթերն էլ կոտրված են եղել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին: Կենդանու բացակայության 18 օրերի ընթացքում նրա տերը՝ 38-ամյա Կարա Հեյուորդը, նրա ամուսինն ու երեխաները արդեն կորցրել էին իրենց սիրելի կատվին նորից տեսնելու հույսը:
Հեյուորդի խոսքով՝ կատվի անհետանալուց հետո ինքը սկսել է հայտարարություններ փակցնել, տեղեկացրել է բոլոր անասնաբուժական կլինիկաներին: Սակայն կատվի որոնման աշխատանքներն այդպես էլ արդյունք չեն տվել:
Վերջապես Հորացիոսը կարողացել է գտնել տունդարձի ճանապարհը և վերադարձել է: Կատվին հետազոտելուց հետո անսանաբույժն ասել է, որ կենդանին հազիվ ևս 5-10 օր կարողանար ապրել, եթե տուն չվերադառնար:
Հորացիոսին վիրահատել են: Այժմ նա լավ է: Թե ինչ հագամանքներում է կատուն կոտրել թաթերը, չի հաղորդվում:
Շաբաթներ կամ տարիներ անց անհետացած կենդանիների վերադարձի դեպքեր գրանցվում են աշխարհի տարբեր երկրներում: Նմանօրինակ վերջին պատմություններից մեկը տեղի էր ունեցել Գերմանիայում, որտեղ 16 տարվա բաժանումից հետո Պոլդի անունով կատուն վերադարձել էր իր տիրոջ մոտ:









































