Կատարի վարչապետ Համադ բեն Ջասիմ Ալ-Թանին հայտարարել է, որ Դոհան զենք չի մատակարարում Սիրիայի ընդդիմությանը:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Կատարը, գաղտնի զինում են Սիրիայի ընդդիմությանը:
«Մենք չենք զինել Սիրիայի ընդդիմությանը և դեռ հավատում ենք Քոֆի Անանի ծրագրի հաջողությանը»,- հայտարարել է Կատարի վարչապետը Դոհայում երեքշաբթի տեղի ունեցած ԱՊԼ երկրների՝ Սիրիայի հարցով նախարարական հանձնաժողովի նիստից հետո:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ալ-Թանին կարծում է, որ Սիրիայի կառավարությունը չի շտապի կատարել Անանի ծրագրով ստանձնած իր պարտականությունները:
Իր հերթին ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին նշել է, որ նախարարական հանձնաժողովը «լիովին աջակցում է Քոֆի Անանի առաքելությանը, բայց՝ հստակ ժամանակային շրջանակներում»:
Ի դեպ, շաբաթվա սկզբին Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի դիտորդական առաջին խումբը, որը պետք է հետևի հրադադարի պահպանման ռեժիմին:
Կատարի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ամենսուր քննադատներն են, իսկ այդ երկրների արտգործնախարարները արդեն բազմիցս հանդես են եկել Սիրիայի ընդդիմությանը զինելու առաջարկով:
Հիշեցնենք. Սիրիայիում 2011 թ. մարտից շարունակվում են զինված բախումները երկրի իշխխանությունների և ընդդիմության ուժերի միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 9000 մարդ:








































