Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական կողմն օրինական հիմքեր է ձեռք բերել` ծայրահեղական իմամ Աբու Քաթադային Հորդանան էքստրադիցիայի ենթարկելու համար: Այս մասին տեղեկացրել է The Guardian բրիտանական թերթը:
Մեյի խոսքերով` բանակցությունների ընթացքում Հորդանանի կողմից երաշխիքներ են ստացվել, որ Աբու Քաթադային էքստրադիցիայի ենթարկելու դեպքում նրան կվերաբերվեն միջազգային կանոնների համաձայն: Մասնավորապես, Հորդանանի սահմանադրության մեջ կմտցվի հոդված, ըստ որի՝ կարգելվի դատարանում օգտագործել կտտանքների միջոցով կորզված վկայությունը։ Բացի այդ, դատը կվարի քաղաքացիական դատավորը:
2012 թ. Աբու Քաթադան Եվրոպական դատարանում կարողացել է ապացուցել իրեն Հորդանան ուղարկելու որոշման անօրինական լինելը: Հորդանանում նրան մեղադրում են ահաբեկչություն իրականացնելու մեջ: Ստրասբուրգի դատարանն արգելել է Լոնդոնին Քաթադային հետ ուղարկել Հորդանան, քանի որ հայրենիքում նրան կարող են կտտանքների ենթարկել:
Աբու Քաթադան, ում 2012 թ. փետրվարին ազատ էին արձակել գրավի դիմաց, ապրիլի 17-ին կրկին կալանավորվել է: Մեյը նշել է, որ չնայած էքստրադիցիայի հարցը փաստացիորեն լուծվել է, գործի կազմակերպումը որոշ ժամանակ կպահանջի:
Պաղեստինա-հորդանանյան ծագմամբ իմամ Աբու Քաթադան Եվրոպայում ամենաճանաչված մուսուլման ծայրահեղական գաղափարախոսներից է: Մեծ Բրիտանիայի իշխանություններն արդեն մի քանի տարի է՝ փորձում են նրան հետ ուղարկել Հորդանան:









































