Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Russia Today հեռուստաալիքի եթերում իր հաղորդման շրջանակներում հարցազրույց է վերցրել «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահից: Ասանժի հաղորդման պրեմիերան տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը 15:30-ին:
Ասանժը հայտարարել է, որ 2006 թվականից ի վեր սա Արևմուտքում Նասրալլահի առաջին հարցազրույցն է: Ասանժը «Հզբոլլահ»-ի առաջնորդի հետ զրուցել է վիդեո-կոնֆերանս ծառայության միջոցով: Հաղորդման ընթացքում պարզաբանվել է, որ Նասրալլահն այժմ գտնվում է Լիբանանում՝ գաղտնի վայրում:
Հարցազրույցում Նասրալլահը հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը բանակցություններ սկսել Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հետ, սակայն նրանք հրաժարավել են: Նա նաև հայտարարել է, որ «Հզբոլլահ»–ը պաշտպանել է «արաբական գարնան» բոլոր հեղափոխությունները, բացի Սիրիայից: Դա նա բացատրել է այն հանգամանքով, որ Ասադի վարչակարգը պաշտպանել է Լիբանանի ընդդիմությանը և հանդես եկել Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ նրանց հետ համագործակցությամբ:
Ավելի վաղ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter–ի իր էջում գրել էր, որ Ասանժն ինքն է որոշել՝ ով է լինելու իր հանդիպման առաջին հյուրը:









































