Marca հանդեսին տված հարցազրույցում թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է իր սպասելիքների մասին հուլիսի 14-ին «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կայանալիք Ռաֆայել Նադալի դեմ բարեգործական հանդիպումից:
«Դա կլինի մեծագույն մի օր, պատմական պահ մեր սպորտաձևի համար: Ես անհամբերությամբ եմ սպասում նման մարզադաշտում կայանալիք հանդիպմանը: Վստահ եմ, որ հանդիսատեսին սպասվում է հիանալի հանդիպում և ջերմ մթնոլորտ: Խոստանում եմ, որ իսկական շոու կցուցադրեմ», – ասել է Ջոկովիչը:
Ռաֆայել Նադալն իր հերթին շնորհակալություն է հայտնել սերբ թենիսիստին իր հրավերն ընդունելու և Մադրիդի «Ռեալ»-ի մարզադաշտում նրա դեմ բարեգործական հանդիպմանը մասնակցելու համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նովակին հրավերը ընդունելու համար: Նա համարվում է թենիսի պատմության լավագույն մարզիկներից մեկը, և անկասկած հանդիսատեսը կգա տեսնելու աշխարհի առաջին ռակետին», – Marca-ն մեջբերել է Նադալի խոսքը: