Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրիլի 14-ին քուրդ անջատողականները Հռենոսի վրայից փորձել են զբոսանավ առևանգել: Այս մասին հաղորդում է Koelnische Rundschau-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ավելի քան 10 կողմնակիցներ նավի տախտակամածի վրա քաղաքական կարգախոսներով պաստառ են փակցրել: Բացի այդ, նրանց մոտ եղել է դրոշ՝ շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերով: Spiegel-ին տված հարցազրույցում ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նրանք ցանկանում էին նավը մոտեցնել ափին և բարձրախոսով կարդալ իրենց մանիֆեստը:
PKK-ի անդամները պահանջել են, որպեսզի նավի կապիտանը իրենց հանձնի նավի կառավարումը, սակայն վերջինս հրաժարավել է: Բացի անձնակազմից, նավում եղել է 10 ուղևոր: Նրանցից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, ոստիկանություն է կանչել:
Իրավապահ մարմինները, նավ բարձրանալով, իրավիճակն իրենց ձեռքն են վերցրել և ձերբակալել նրանց: Ոստիկանությունից հայտնել են, որ քրդերը զինված չեն եղել և դիմադրություն ցույց չեն տվել:








































