Ապրիլի 15-ին, կեսօրին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Նշված դատարան էր բերվել Գյումրիի բնակիչ, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը: Քննչական մարմինը դիմել է նշված դատարանին, որպեսզի Ռ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Այս մասին հայտնում է aravot.am կայքը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։
Դատավոր Լիլիթ Խաչատրյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ժամը 00.50-ի սահմաններում Գյումրիի Գարեգին Նժդեհի թիվ 7 շենքի մոտ (ոստիկանության Գյումրիի վարչական շենքի դիմաց) Ռաֆիկ Մուրադյանը վրաերթի էր ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:
Ռաֆիկ Մուրադյանը վրաերթից հետո դիմել էր փախուստի: Նրան կարողացել էին հետապնդել և իր կողմից վարած «ՎԱԶ-21013» մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենայով հանդերձ բռնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Ինչպես կայքին հայտնել է Գ. Շամշյանը, Վ. Բեյբությանն Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության գործով քննչական խմբի անդամներից էր:
Վրաերթի փաստով հարուցված քրեական գործով քննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնից տեղափոխվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները`Գագիկ Շամշյանի











































